Քո զավակների ցանկություններին համեմատական,
անզգայացած՝ նրանց բարձրացրած վառ կենացներից,
գավառ առ գավառ դու փոքրանում ես շագրենի նման,
ոչ զարմանում ես, ոչ գլուխ հանում ինքդ քեզանից։
Օղիդ պարպում ես, խաշդ ըմբոշխնում, հողերդ տալիս,
գալիս, ծնկում ես, անվերջ բողոքում, Երկնքին լալիս,
օրդ տխուր է, սիրտդ մրուր է, լաց է ամենուր,
մինչդեռ հոգուդ մեջ պատվի խարիսխ է՝ Մեծ Եռաբլուր։
Հազարամյակներ անցած ժողովուրդ, Հայաստան աշխարհ,
քո սխալների քառսունգազ փոսից չկա ճանապարհ,
որքա՜ն հերոսներ նահատակվեցին, սխրանքը՝ փարոս,
կամքդ ժողովիր, ուսերդ շտկիր, ափսոս ես, ափսոս։
Կանգնել ես հիմա անհետ կորչելու սահմանագլխին,
քեզ բաց ես թողել ու մեղադրում ես ռուսին ու թուրքին,
լավագույններիդ հավաքիր քո շուրջ, բանակդ զինիր
ու քո սրբազան հաղթանակների լույսը տարածիր։
22․11․2023թ․
Դավիթ Վանյան